ՄԵՐ ՄԱՍԻՆ

Առցանց դրամաշնորհային համակարգ

ՀՀ երիտասարդական քաղաքականության ձևավորման առաջին իսկ տարիներից ՀՀ երիտասարդության հարցերով զբաղվող պետական մարմինների առաջնայնություններից է եղել երիտադասարդական հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունների խթանումը եւ նրանց մասնակցությունը երիտասարդական քաղաքականության իրականացման բոլոր փուլերում: ՀՀ պետական բյուջեում երիտասարդության հիմնախնդիրները առ այսօր արտահայտվում են առանձին տողով, որով նախատեսված միջոցների մի մասը տրվում է հասարակական կազմակերպություններին դրամշնորհների տեսքով: Որախությամբ պետք է նշենք, որ այդ միջոցների ծավալները 1997թ. 37 մլն. դրամից 2009թ. հասել են 411 մլն դրամի:
«ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգում» (1998) ամրագրված է երիտասարդներին վերաբերող միջոցառումների և ծրագրերի ֆինանսավորման դեպքում հասարակական նախաձեռնությունների առաջնայնությունը պետական մարմինների և հաստատությունների համապատասխան գործունեության համեմատ:
2009թ. իրականացված դրամաշնորհային համակարգի աշխատանքների գնահատման գործընթացը իրականացված ծրագրերի քանակին, որակին եւ արդյունավետությանը բարձր գնահատական տալով հանդերձ, վեր է հանել նաև մի շարք խնդիրներ, որոնցից առավել արդիականն էր դրամաշնորհների ներկայացման, գնահատման և վերահսկման համակարգերի ոչ բավարար թափանցիկությունը և հրապարակայնության թերի ապահովումը: Այս բացերի վերացման նպատակով ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2009թ. վերջին ձեռնարկեց առցանց դրամաշնորհային համակարգի մշակման և գործարկման աշխատանքները:
Առցանց համակարգը երիտասարդական կազմակերպություններին հնարավորություն է տալիս գրանցվել կայքում և հավակնել պետական դրամաշնորհների: Համակարգը թույլ է տալիս առավել թափանցիկ և հրապարակային դարձնել պետական աջակցությունը երիտասարդական կազմակերպություններին և բարձրացնել գործընթացի արդյունավետությունը: Ծրագրերի սեղմագրերը, ինչպես նաեւ զեկույցները ամբողջությամբ բաց են լինելու կայքի այցելուների համար, ինչը նույնպես կնպաստի իրականցվող ծրագրերի որակի բարձրացմանը և գործընթացի հրապարակայնությանը:

© ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԵՐԵՎԱՆ 0001, ԱԲՈՎՅԱՆ 9, հեռ. 374 10 546 931, info@cragrer.am